Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

«Աճպարարություն». պատասխանատվությունից ճողոպրողների վերջին ֆարսը

«Աճպարարություն». պատասխանատվությունից ճողոպրողների վերջին ֆարսը
27.02.2026 | 18:06

Բանսարկությունների տասնամյակներ ձգվող բովում ըստ անհրաժեշտի թրծված այր ու կինը, որ արդեն քանի օր է այլևս «մի մարմին» չեն, հայաստանյան ներքաղաքական և հանրային կյանքն ուղիղ յոթ տարի տասն ամիս է, ինչ դարձրել են «դրամատուրգիական» տարրերից հավաքվող խճանկար։

Այն, ինչ «առավոտ լուսո» մատուցվեց հանրության սուրճի սեղանին՝ որպես անձնական դրամա կամ կենցաղային հեռացում կառավարական ամառանոցից, մանրակրկիտ հաշվարկված քաղաքական մանիպուլյացիա էր, որի գլխավոր գաղտնաբառը հնչեցրեց հենց ինքը՝ «ողբերգության» հերոսուհին՝ «աճպարարություն»։

Հայտնի է՝ դրաման կարող է ունենալ և՛ մահով ավարտվող, և՛ երգիծական դրվագներ։ Սույն թատերախաղը, սակայն, ավելի շատ կրկեսային կեղծ հնարքներով էր հագեցած։

«Առաջին տիկին» կամ «վարչապետի կին» ինստիտուտների վերածումը փողոցային մակարդակի պարզաբանումների հարթակի՝ հարվածում է պետության հեղինակությանը թե՛ ներսում, թե՛ դրսում։ Սա ուղերձ է թշնամուն և դաշնակցին, որ կառավարման ղեկին կանգնած անարժանները զբաղված են ոչ թե պետականաշինությամբ, այլ էժան PR-ով։

Ողջ օրը շրջանառվում էր հռետորական մի հարցադրում՝ գուցե և «բաժանումը» նպատակ ունի կնոջը դուրս բերել հարվածի տակից, որպեսզի նա սկսի մի նոր, «անկախ» քաղաքական նախագիծ՝ փորձելով հավաքել բոլոր նրանց ձայները, ովքեր հիասթափված են ամուսնուց, բայց դեռ հավատում են այս ընտանիքի «սուրբ» լինելուն։

Իսկ եթե սա «զոհաբերություն» է հանուն ռեժիմի երկարաձգմա՞ն։

Երբ հանրային զայրույթը հասնում է գագաթնակետին, իշխանությունը զոհաբերում է իր ամենաատելի դեմքերից մեկին՝ նրան դուրս հանելով խաղից, իբր հեռացավ, բաժանվեց, մեկուսացավ։

Հանրությանը թվում է, թե ինչ-որ բան փոխվեց, զայրույթի օբյեկտը հեռացավ, բայց իրականում քաղաքական կուրսը մնում է նույնը։

Պետությունը կորցնում է թանկարժեք ժամանակը, իսկ ռեժիմը վերախմբավորվում է և ավելի դաժանորեն շարունակում իր գիծը։

Ոչ ոք չհավատաց տիկնոջ անկեղծությանը։

Մեծ մասի անհավատությունը պայմանավորված էր այն պարզ ճշմարտությամբ, որ հեռացողը սովորաբար լռությամբ է կատարում իր քայլը։

Իրականում բաժանվող կինը չի նկարահանում PR հոլովակներ՝ շեշտելով իր «չունևորությունը»։

Իսկապես հեռացողը չի փորձում «արգելքներ դնել» հանրային քննարկումների վրա։

Հետևաբար, ականատես ենք ոչ թե ընտանիքի, այլ պատասխանատվության փլուզման։ Նրանք փորձում են մասնատել իրենց կերպարը, որպեսզի հարվածի տակ հայտնվելիս ամբողջական համակարգը չփլուզվի։

Այս ամենը հուշում է, որ առաջիկայում հնարավոր են ավելի մեծ «ցնցումներ», որոնց համար այս տեսանյութը պետք է ծառայի որպես էմոցիոնալ նախերգանք։

Այդ ժամանակ նրանք ավելի ագրեսիվ ու անամոթ սուտ կցուցադրեն։

«Աճպարարություն» բառի օգտագործումն ու զգեստների «մեկ անգամ հագնելուց հետո վերադարձնելու» պատմությունն ամենանուրբ ու միաժամանակ ամենավտանգավոր մանիպուլյացիոն շերտերն են հրամցված սցենարում։

Եթե փորձենք վերծանել հիմնական ուղերձը, ապա կբախվենք թիրախային հոգեբանական մի քանի հնարքների։

Օգտագործելով՝ «հագուստները վերցրել եմ, հետո վերադարձրել» թեզը, նա փորձում է ջնջել այն հսկայական անջրպետը, որն ութ տարիների ընթացքում առաջացել է իր շքեղ կյանքի և հասարակ ժողովրդի սոցիալական վիճակի հարաբերություններում։

Քաղաքագիտության մեջ այս «հնարքը» հայտնի է «պոպուլիստական էգալիտարիզմ» բնորոշմամբ, այն է՝ հավասարության պատրանք։

Երբ շքեղությունը դառնում է ակնհայտ և գրգռիչ, աճպարարն ասպարեզ էնետում «պարտքով վերցրած զգեստի» իրողությունը։ Սա ոչ թե հրաժարում է ունեցածից, այլ հարստության քողարկում։

Հեռահար նպատակ հետապնդող հոգեբանական թակարդ է այս քայլը։ Մարդուն դժվար է մեղադրել թալանի մեջ, երբ նա պնդում է, թե նույնիսկ սեփական շոր չունի։

Հիշյալ շեշտադրումը թաքնված ուղերձ է՝

«Ես էլ ձեզնից մեկն եմ։ Ես սեփականություն չունեմ։ Նույնիսկ շորերս եմ սրանից-նրանից պարտքով վերցնում»։

Քաղաքական ասկետիզմի այս կեղծ դրսևորումը նպատակ ունի չեզոքացնել կոռուպցիոն կասկածները կամ քննադատությունը իր վարած շքեղ կյանքի համար։

«Աճպարարություն» բառի ընտրությունն ու շեշտադրումն ամենևին էլ պատահական չեն։

Փորձենք բացահայտել թաքնված շերտերը։

ա) Ինքնախոստովանություն որպես հեգնանք։ Օգտագործելով այդ գոյականը, նա կարծես ասում է.

«Այո, ես ձեզ խաբել եմ, բայց դա արել եմ հանուն գեղեցիկ պատկերի կամ խնայողության»։

Սա փորձ է լեգիտիմացնելու սուտը, այն ներկայացնելով որպես անմեղ «հնարամտություն»։

բ) Պաշտպանական մեխանիզմ։

Այս կետն ամենավտանգավորն է, որի անվանումն է՝ «մեղադրանքի կանխարգելում»։

Ինքն իրեն «աճպարար» կոչելով՝ նա հասարակության ձեռքից խլում է քննադատության զենքը։

Եթե ընդդիմախոսն ասի․

- Դուք մեզ խաբում եք,- նա հեգնանքով կհակադարձի․

- Առաջինն ինքս բարձրաձայնեցի, որ աճպարար եմ, նորություն չասացիք։

Հենց սա է ստի լեգիտիմացումը։

Երբ մարդուն մեղադրում են կեղծիքի մեջ, նա ինքն է առաջինը բարձրաձայնում այդ բառը, որպեսզի արժեզրկի մեղադրանքը։

Եթե ինքն է իրեն «աճպարար» անվանում, ապա ուրիշների տված այդ բնորոշումն արդեն այնքան էլ էֆեկտիվ չի հնչում։

գ) «Բոմժ» ձևանալու սիմվոլիզմը։

Շատ լուրջ շեշտադրում է «ոչինչ չունենալու» և պատասխանատվությունից խուսափելու կապը։ Այդ քայլը սովորական զգացմունքային հնարք չէ, այլ իրավաբանական անհրաժեշտ հողի նախապատրաստում։

Եթե վաղն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարց առաջադրվի, ապա այսօրվա «ձեռնունայն» հեռանալու տեսանյութը կփորձեն ներկայացնել որպես իրեղեն ապացույց՝ «լեդի բոմժը» նյութական որևէ կապ չունի իշխանական լծակների հետ։

Եվ վերջապես

դ) Վտանգավոր ուղերձը։

Նման «խեղճությամբ» փորձում է հիմարի տեղ դնել հասարակությանը։

«Ամեն ինչ աճպարարություն էր» բանաձևմամբ նա անուղղակիորեն հասկացնում է, որ իրենց ամբողջ գործունեությունն էլ կարող է լինել նույնպիսի «աճպարարություն»՝ առանց բովանդակության և հիմքի։

Սա նման է մի ներկայացման, որտեղ դերասանը վերջում հանում է դիմակը և լկտիաբար հայտարարում․

- Տեսա՞ք՝ ինչպես խաբեցի բոլորիդ։ Բայց հիմա պարտավոր եք խղճալ ինձ, որովհետև նույնիսկ այս դիմակն իմը չէ։

Ընդամենը մեկ՝ «աճպարարություն» բառը, որն այսպիսի ծալքեր ունի, արդեն փաստում է, թե ցինիզմի բարձրագույն ինչպիսի՜ դրսևորում է տիկնոջ «ուղիղ եթերը»։

Այնտեղ, որտեղ սովորական մարդն ամոթ է զգում կամ զղջում, աճպարարը տեսնում է հերթական «տրյուկն» անելու հնարավորություն, որի ականատեսը դարձանք մեկ-երկու ժամ անց։

Տիկնոջ հայտարարությանը հաջորդեց բավականին խոսուն, սիմվոլիկ մի այլ պատկեր՝ ամուսինը երկակի ժպիտով «քոքել» է ռաբիսը․

«Աննա, Աննա, Աննա,

Սիրուն Աննա,

Յարդ քեզի կարոտ թող չմնա։

Աննա, Աննա, Աննա,

Սիրուն Աննա,

Դու իմ սրտի վառ կրակն ես, Աննա»,- և սրտիկ է ցույց տալիս։

Ընդամենը «ցինիկ «սիմֆոնիա», որը կատարում է այս զույգը։

Մի կողմը ներկայացնում է «զրկանքների» ու «բաժանման» կեղծ դրամա, իսկ մյուսը՝ էժան կլկլոց ու «սրտիկ»։

Արական դերասացի «սրտիկն» ու ռաբիսը ոչ թե սիրո խոստովանություն են, այլ հրապարակային արհամարհանք։

Կնոջ «զոհաբերությունը» և ամուսնու «թեթևությունը» լրացնում են միմյանց՝ ստեղծելով այնպիսի աբսուրդ, որտեղ վերջնականապես ձուլվում են ողբերգությունն ու ֆարսը և դառնում ուղերձ առ այն, որ իրենք այլևս չեն էլ փորձում լուրջ երևալ, քանի որ մտքով արդեն «փարիզներում» են կամ մի այլ ապահով վայրում։

Նման պրիմիտիվ տեսարանները սնում են այն միտքը, որ ամեն ինչ «բազար» է, կեղծիք է ու «աճպարարություն»։ Երբ քաղաքացին սկսում է երկրում կատարվողին նայել որպես բեմադրության, դադարում է լուրջ ընդունել պետականությունը, ինչը հանգեցնում է համատարած անտարբերության։

Իսկ անտարբեր հասարակությունն ամենահեշտ կառավարվողն է կործանման ճանապարհին։

Չարքերի՝ միմյանց լրացնող այս դրվագները նաև հուշում են՝ սրանք պատրաստվում են վերջնական «թռիչքի»։

Սակայն հենց այնպես չեն հեռանա։

Կփորձեն մինչև վերջ քամել երկիրը, օգտագործելով պահուստային բոլոր ֆոկուսները։

Բայց Աստված ծաղր չի լինում։

Թեև նրանք ունեն նոր սցենարներ, բայց երկնքի արդարադատության չափանիշները տարբեր են երկրայինից։ Հատուցման պահը հասնելու է անխուսափելիորեն։

Այսօր մենք գործ ունենք ոչ թե հեռացող կնոջ կամ ռաբիս լսող ու հանրությանը սրտիկով ծաղրող ինչ-որ կերպարների, այլ պատասխանատվությունից ճողոպրող աճպարարների հետ։

Սրանց՝ երկու արարից բաղկացած «ուղերձի» գաղտնաբառի վերծանումը պատռում է այն վարագույրը, որի հետևում նրանք փորձում են թաքցնել իրենց հանցանքները՝ Աստծո, 10 352 չապրած կյանքերի, ազգի ու կորուսյալ հայրենիքի առաջ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ